Մյուս կողմից` հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը էապես կարող է խոչընդոտել Վաշինգտոնի կարծր դիրքորոշումը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական այն երկրների դեմ, որոնք կպահպանեն գործարար հարաբերություններն Իրանի հետ:
Ի դեպ, եվրոպական երկրները ԱՄՆ դաշնակիցներն են, որոնց իշխանությունները չունեն լեգիտիմության որևէ խնդիր: Թավշյա հեղափոխությունը նպաստել է մեր երկրում լեգիտիմ իշխանության ձևավորմանը, էապես բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը, սակայն միայն այդ հանգամանքները չեն կարող ազդել Դոնալդ Թրամփի պրագմատիկ քաղաքականության վրա: Հայաստանը նույնպես կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ցուցակում:
Իհարկե, քաղաքականության մեջ չկան անլուծելի իրավիճակներ, սակայն երկրի անվտանգությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի սկզբունքորեն փոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության կոնցեպցիան` դրա ինքնուրույնությունը մեծացնելու և այն, այսպես կոչված, բլոկային բաղադրիչից ձերբազատելու համար: Հայաստանի նոր իշխանությունը շեշտը պետք է դնի երկկողմ արդյունավետ հարաբերությունների վրա` բովանդակային կոնկրետ բաղադրիչով և օրակարգով: